Միխայիլ Պոստնիկով «Ապագայի թեքումով դպրոցը»

Ներկայումս շատ քիչ են այն դպրոցները, որոնք հաշվի են առնում երեխայի մտավոր և հոգեբանական կարողությունները։
Իմ կարծիքով՝ դպրոցները ոչ միայն չեն պատրաստում կյանքին, այլև ծանրաբեռնում են երեխաներին կողմնակի ինֆորմացիայով, որի պատճառով ճնշվում են և սթրեսի ենթարկվում։


Ամենևին պարտադիր չէ, որ երեխաները բոլոր գիտությունները հավասարապես գերազանց իմանան, այլ պետք է գտնեն իրենց հետաքրքրությունները որևէ բնագավառում, տեղեկացվեն և մասնագիտացվեն։
Ուսուցիչը խիստ հսկիչի դեր պետք է չկատարի, և որևէ առարկա չսովորելու դեպքում՝ չպետք է պատժի կամ ցածր գնահատի, այդ պատճառով կարող է երեխայի ինքնագնահատականը իջնի և հանգեցնի հոգեբանական խնդիրների։
Կարող է մեկը ինչ-որ գիտություն չկարողանա յուրացնել, բայց հիանալի նկարի կամ լողա. անհրաժեշտ է երեխային խրախուսել և առաջ մղել։
Համաձայն եմ հեղինակի՝ կրթության հմտությունների չորս ուղությունների բաժանման հետ, քանի որ այսօրվա դպրոցներում անընդհատ տալիս են տեսական գիտելիք, սակայն գործնականում դրանք չեն ապացուցում։ Փորձը ցույց է տալիս, որ երեխաները ավելի շատ սովորում են ուսուցչից՝ տեսնելով և ընկալելով նրա արարքները. հետևաբար ուսուցիչը պետք է օրինակ ծառայի և գործնականում ամեն ինչ ցուցադրի, այլ ոչ թե ստիպի երեխաներին անգիր անել տեքստեր։
Մերօրյա մշտապես զարգացող գիտությունների և դարաշրջանի մեջ անկարելի է միայն օգտագործել ուսուցման հնացող միջոցներ՝ ինչպես անում են այսօրվա դպրոցները։ Պետք է մշակել այլ մեթոդներ և միջոցներ կրթության համար։ Ներկայիս մեթոդները չեն բավարարում այս սերնդի հետաքրքրասիրությունները։ Հանրակրթական դպրոցների գլխավոր նպատակը պետք է լինի երեխաներին դարձնել զարգացած և բարոյական անհատներ։
Անձամբ հարցում կատարելով երիտասարդության շրջանում՝ հասկացա, որ հարցվածների մոտ 70%-ը կարծում է, սխալ է ընտրել իր մասնագիտությունը և շտապել է այդ հարցում։ Իմ կարծիքով երեխաներից շատերը անգիտակցաբար և ծնողների հարկադրմամբ են գնում բուհեր սովորելու։ Այդ պատճառով ավարտական դասարաններում անհրաժեշտ է շեշտը դնել երեխաների հետագա մասնագիտացման և ուսուցման վրա, օգնել նրանց՝ ճիշտ ընտրություն կատարել։
Իսկ բուհերում ավելի նպատակահարմար կլինի մասնագիտական առարկաների ուսումնասիրությունը, քան կողմնակի առարկաների ուսուցումը։

Оставьте комментарий