«Մուտք կրթահամալիր» հոդված


Այս հոդվածով ես ոչ միայն ներկայացնելու եմ իմ աշխատանքը, այլև պատմելու եմ իմ կյանքի մի շրջանի մասին, երբ օրերս լեցուն են գույներով և ջերմությամբ։ Ի սկզբանե պետք է նշեմ, որ իմ մուտքը կրթահամալիր եղել է որպես երեք սեբաստացիների մայրիկ։
2017թ. լսելով «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիրի արդյունավետ և տարբերվող գործունեության մասին՝ որոշեցի, որ ավագ դուստրս պետք է իր ուսումնական մնացած տարիները շարունակի հաճախել այստեղ՝ ավելի որակյալ կրթություն ստանալու համար։ Որպես ծնող՝ ինձ համար շատ կարևոր էր տեսնել երեխայիս հոգեկան ներդաշնակությունը և հետզհետե ավելացող գիտելիքների մեծ պաշարը։ Ոգևորված կրթահամալիրի բարձրակարգ աշխատանքով և երեխաների հանդեպ յուրահատուկ մոտեցմամբ՝ հաջորդ տարիներին միջնեկ և փոքր երեխաներիս ևս ընդունեցի կրթահամալիրի փոքր տարիքայինների խումբ՝ մանկապարտեզ։
Երեխաներիս հետ տանը աշխատելիս զգում էի, թե որքան հետաքրքրասիրությամբ և ջանասիրությամբ եմ ես ինքս մասնակցում դպրոցում տեղի ունեցող ծիսակատարություններին։ Նախքան կրթահամալիրում մանկավարժի աշխատանքին անցնելը, ես՝ որպես ծնող, երեխաներիս հետ մեծ սիրով էի պատրաստում նախագծեր , տոն օրերին մեծ ոգևորությամբ իմ մասնակցությունն էի ունենում կազմակերպչական աշխատանքներին և իմ լուման ունենում հանգանակությունների ժամանակ։ Կրթահամալիրի գրեթե բոլոր ծնողներն էլ նույն ոգևորությամբ են հանդես գալիս, ինչը փաստում է ճիշտ և արդյունավետ աշխատանքի մասին։
Ամեն օր երեխաներիս հետ աշխատելիս համոզվում էի, թե որքան հետաքրքիր և լեցուն է անցնում նրանց առօրյան դպրոցում՝ անգամ ես եմ գայթակղվում այդ ամենով։ Հիանում էի, որ երեխաներս գիտելիքներ ստանալուց զատ, մեծանում են որպես ինքնուրույն անհատ՝ բազմակողմանի զարգացած ու ինֆորմացված։ Հաճախ մտածում էի, թե որքան լավ օրերում են ապրում իմ երեխաները, ինչքան շատ բան են ստանում դպրոցից. սովորում են լող, ձիավարություն, հեծանվավարություն, մասնագիտանում են տարբեր ոլորտներում, ինչը չի եղել մեր դպրոցական տարիներին։ Մի օր էլ միտք հղացավ՝ դիմել մանկավարժի աշխատանքի համար, քանի որ շատ էի տպավորված «սեբաստացի ընտանիքով»։
Երկրորդ մուտքս կրթահամալիր եղավ 2021թ.՝ որպես մանկավարժ։ Առցանց հայտ լրացրեցի և ստացա չուշացող հրավերը։Անցա քառօրյա վերապատրաստում, որի ընթացքում սովորեցի բլոգավարություն։ Օր օրի ինձ համար բացահայտվում և լուսաբանվում էր կրթահամալիրի քողարկված հետաքրքիր կողմերը, որոնք որպես ծնող ես չէի նկատել։ Հաջորդ քայլը, որ ինձ ավելի մոտեցրեց դպրոցին մուտքի ճամբարն էր։Հնգօրյա ճամբարում սովորեցի այն ամենը, ինչ պետք է իմանա յուրաքանչյուր սեբաստացի։ Բացի այն, որ ես օրըստօրե մասնագիտանում էի իմ աշխատանքում, նաև ինձ համար բացվում էր նոր մտահորիզոն, և տեսնում էի, որ փոխվում են իմ հայացքները ամեն ինչի հանդեպ։ Անգամ, երբ գնում էի տուն, ինձ համար ամեն ինչ նույնքան պայծառ էր և գունավոր։Փոխվող օրվա հետ հասկանում էի, թե որքան դրական և հաճելի լիցքեր եմ ստանում, որից ավելի գեղեցիկ է դառնում շրջապատը։
Ազգային երգով ու պարով սկսվող օրերից յուրաքանչյուրը ինձ տվեց գիտելիքի անսպառ պաշար ՝ կավագործությունից մինչև երգեցողություն, ձիավարությունից մինչև անհատական ուսուցում։ Երբ արդեն լիարժեք ծանոթացա ուսումնական գործընթացին՝ դարձա դրա կազմակերպման իրականացնողը։ Կրթահամալիրի՝
մտավոր զարգացմանը նպաստող գործունեության շնորհիվ՝ նկատեցի, թե որքան ճկուն է դարձել իմ ստեղծագործական միտքը. ամեն օր կարելի է նոր գիտելիք փոխանցել երեխաներին, ավելի հետաքրքիր մեթոդով։ Անժխտելի է այն փաստը, որ կրթահամալիրի բոլոր մանկավարժները ձգտում են նորություն և մոտիվացիա ներգրավեն ուսումնական գործընթացում, որպեսզի լճացում և ձանձրույթ չլինի երեխաների համար։
Գովելի է նաև այն փաստը, որ սաները ունեն ազատ մտքի և արտահայտվելու իրավունք, կրթահամալիրում չկա վախի և լարվածության մթնոլորտ, ինչը խթանում է երեխաների հոգեկան խաղաղությանը։
Իմ կամավորական աշխատանքը սկսել եմ Հարավային դպրոց-պարտեզում, ապա որպես ուսուցչի օգնական և եռամարտի կազմակերպիչ սկսեցի իմ գործունեությունը ծավալել հենց նույն դպրոցում։Առաջին նախագծերիցս մեկը «Մարզական կրթական փոխանակումներն» էր, փորձի փոխանակում էինք անում իմ ծննդավայրում՝ Արմավիրի մարզի Արմավիր գյուղում։
Աշխատանքի անցնելով կրթահամալիրում՝ ավելի արժևորում եմ ժամանակս և կատարածս աշխատանքը, մեծ պատիվ է նպաստել երեխաների կրթությանն ու զարգացմանը։ Ամեն մի նախագծի միջոցով մենք ամուր հիմք ենք նախապատրաստում մատաղ սերնդի համար, որպեսզի ավելի զարգացած, հեռանկարային ապագա ունենանք։
Միգուցե, ես այն եզակիներից եմ, որ հնարավորություն ունեմ երկկողմանի տեսնել և ընկալել այս հաստատությունը՝ և՛ որպես ծնող, և՛ որպես մանկավարժ։ Բայց վստահ կարող եմ ասել, որ եթե բոլոր ծնողները մի քանի ժամով դառնան մանկավարժներ մեր դպրոցում՝ կհասկանան, որ միանշանակ ճիշտ ընտրություն են կատարել իրենց երեխաների համար. քանզի երեխայի կյանքի ճիշտ ընթացքը սկսվում է հենց դպրոցից։